Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական թիմի նախագծով և աջակցությամբ Արցախ TV-ն անցել է թվային հեռարձակման

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական թիմը պատրաստել ու կյանքի է կոչել Արցախ TV-ի տեխնիկական վերազինման նախագիծը, որի շնորհիվ արդեն Արցախի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է թվային՝ HD որակով: Նոր սարքավորումները Արցախի հանրային հեռուստատեսության մասնագետների հետ տեղադրել ու մոնտաժել են «Պանարմենիան Մեդիա Գրուպի» տեխնիկական մասի պատասխանատուները:

Արցախի հեռուստաընկերության տեխնիկական վերազինման աշխատանքները և անալոգային SD ֆորմատից թվային HD ֆորմատի անցնելը հեռուստաընկերությունը դարձրել է ավելի մրցունակ ու մի քանի քայլ առաջ մյուս՝ անգամ երևանյան հեռուստաալիքներից, այս մասին ասաց «Պանարմենիան Մեդիա գրուպ»–ի տեխնիկական և ՏՏ գծով տնօրեն Հարություն Գուլյանը՝պատմելով կատարված աշխատանքների մասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Մեզ դիմել էր Արցախ TV –ն, որպեսզի մենք նախագիծ պատրաստենք հեռուստաընկերության տեխնիկական վերազինման համար: Վերազինվել է Արցախ TV-ի արտագնա նկարահանման տեսախցիկների պարկը: HD ֆորմատով են նկարահանվում թե՛ լուրերը, թե՛ այլ հաղորդումներ, ինչպես նաև վերազինվել է իրենց տաղավարի տեխնիկան: Մանկական ծրագրերը, ուղիղ եթերը, այդ բոլորը եթեր է մտնում HD որակով: Դրանից բացի վերազինվել է եթեր հեռարձակող տեխնիկան: Այսօրվա տեխնիկական առումով բոլոր մարտահրավերներին իրենք պատրաստ են»,-ասաց Հարություն Գուլյանը:

Նա նաև նշեց, որ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի և Արմենիա TV-ի տեխնիկական կազմը 10 օր շարունակ Արցախում է եղել և ապահովել Արցախ TV-ի տեխնիկական վերազինման ամբողջ աշխատանքները:

 

 

 

 

 

 

 

 

 

Ստեղծվել է նաև հեռուստատեսային շարժական կայան, որն այսուհետ հնարավորություն կտա տարբեր վայրերում իրականացնել նկարահանումներ, ինչպես համերգների, շքերթների նկարահանում, այնպես էլ ուղիղ հեռարձակումների ապահովում միանգամից 8 տեսախցիկներով:

«ՊԱՄԳ-ի և Արմենիա TV –ի տեխնիկական կազմը տեղում ապահովել է տեխնիկական նոր սարքավորումների ինտեգրումը: Այսպիսով` Արցախ TV-ն դարձել է ավելի մրցունակ, Երևանում այսօր էլ կան ալիքներ, որոնք HD որակի չեն, բայց Արցախ TV –ն արդեն HD հեռարձակում է ապահովում: Թվային հեռարձակման անցնելը իրենց համար շատ մեծ քայլ էր ներկա իրավիճակից, կարելի է ասել միանգամից երկու քայլ առաջ են անցել այլ հեռուստաընկերությունների համեմատ»,-ասաց Հարություն Գուլյանը:

Տեխնիկական վերազինման համար անհրաժեշտ գումարը հատկացրել են Արցախի կառավարությունն ու Հայաստան համահայկական հիմնադրամը: Սարքավորումները ձեռք են բերվել և Արցախ են հասցվել ԱՄՆ-ից:

Տեխնիկական վերազինման արդյունքում հեռուստաընկերության աշխատանքի կառավարումն ու համակարգումը կդառնա ավելի օպտիմալ, եթերին հաղորդելով նոր որակ և մրցունակություն: